12/03/2021 14:55
Ադրբեջանի համար Հայաստանի հետ պատերազմը դադարած չէ. հարմար առիթի դեպքում Բաքուն կրկին կարող է դիմել արկածախնդրության. Ռազմական փորձագետ
Ադրբեջանի զինված ուժերը օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն մարտի 15-18-ը։ Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը նույնպես պատրաստվում է զորավարժությունների. դրանք կանցկացվեն մարտի 16-ից 20-ը, կընդգրկեն շուրջ 7500 զինծառայող, կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշում է՝ Ադրբեջանը, սովորաբար, մարտի կեսերին, մարտի վերջին պլանային զորավարժություններ է անցկացնում։
«Ինչի մասին է խոսում սա. Ադրբեջանը շարունակում է նույն ձևով անցկացնել զորավարժութուններ, ինչպես և նախկինում։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր կոնֆլիկտը հայերի հետ ավարտված չի համարում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վրթանեսյանը։
Փորձագետը նշում է՝ շատ են հարցերը, թե ի՞նչ «մեսիջ» է պարունակում այս կամ այն զորավարժությունը։
«Ցանկացած զորավարժություն ինչ-որ մեսիջներ պարունակում է, նույնիսկ, եթե դա բացահայտ չի ասվում, բայց նաև չմոռանանք առաջնահերթ նպատակի մասին՝ ցանկացած զորավարժություն զինված ուժերի ուժեղացումն է, հմտություններն ավելացնելն է։ Այստեղ առաջնահերթն այն է, որ թշնամու զինուժն ուժեղանում է, առավել ևս, երբ որ դա անում են Թուրքիայի հետ համատեղ, փոխհամաձայնեցված աշխատանք է», - ասում է Վրթանեսյանն ու նշում՝ սա, բնակաբանար, Հայաստանի համար մտահոգիչ է։
«Գլխավոր մեսիջը, որ մենք պետք է Ադրբեջանի հետպատերազմյան գործողություններից եզրակացնենք, այն է, որ Ադրբեջանի համար Հայաստանի հետ պատերազմը դադարած չէ, իրենք դա չեն համարում ավարտված պատերազմ, իրենց համար սա էտապներից մեկն է: Սա նշանակում է, որ Ադրբեջանը հարմար առիթի դեպքում հարմար պահին կրկին կարող է դիմել արկածախնդրության, ինչպես անցած տարի», - կարծում է Կարեն Վրթանեսյանը։
Նա նշում է, թե Հայաստանի իշխանությունները շատ են փորձում բնակչությանը համոզել, թե «վերջ, պատերազմն ավարտված է, մտածենք խաղաղության մասին», բայց իրականությունը պայծառ չէ։
«Իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի», - պնդում է փորձագետը։
Վրթանեսյանն ընդգծում է՝ ուրախալի է, որ հայկական կողմը զորավարժություններ է անցկացնելու, բայց առաջնահերթը պետք է լինի մեր ուժերի ստուգումը։
«Ի տարբերություն Ադրբեջանի, որ արդեն երրորդ զորավարժությունն է անցկացնում պատերազմի ավարտից հետո, ՀՀ իշխանությունները միակ ուղղությամբ, որ աշխատել են, իշխանությունը պահելն է, ամբողջ ռեսուրսը կենտրոնացված է Նիկոլ Փաշինյանի մեջքը պահելու վրա ու մենք շատ ժամանակ ենք կորցրել։ Ինչպե՞ս կլինի, ինչպե՞ս կանցկացվեն այս զորավարժությունները, արդյոք կլինի՞ արդյունավետ, թե՞ ավելի շատ PR ակցիա է... ցավոք, մեր իշխանությունների մոտ առաջնայինը PR-ն է։ Ռազմարդյունաբերության ոլորտի համար պատասխանատու նախարարությունը սիրուն տեսահոլովակներ է ցույց տալիս զենք արտադրելու փոխարեն, թեպետ, նորմալ ցուցահանդես չկարողացան կազմակերպել։ Հիմա ի՞նչ է լինելու այս զորավարժությունը, որ Նիկոլ Փաշինյանը գնա համազգեստով սելֆի անի՞: Չեմ կարող ասել: Հուսով եմ՝ հերթական կրկեսի չի վերածվի այս ամենը, բայց, իհարկե, երաշխիքներ չենք կարող ունենալ», - նշում է ռազմական փորձագետը։
Վրթանեսյանը զգուշացնում է՝ այսօր բավականին լուրջ սպառնալիքներ կան մեր պետականության համար. «Նույնիսկ, կասեի մահացու սպառնալիքներ են հայկական պետականության գոյության համար»։