13/03/2021 10:13
Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներ այս պահին չեն լինի
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ ամբողջական և խիստ սահմանափակումներ սահմանելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
ԱՆ-ից հայտնել են նաև, որ սահմանափակումների մասին հարց այս պահին չի քննարկվում։
Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, որոշում է կայացրել մարտի 15-ից կրկին խիստ սահմանափակումներ մտցնել։