13/03/2021 14:46
Իտալիան լոքդաունի է գնում Զատկի տոնին ընդառաջ
Երկուշաբթիից իտալական շրջանների կեսն անցնում է «կարմիր» կարանտինային գոտի, իշխանությունները լոքդաուն են մտցնում Զատկի տոներին ընդառաջ: Այս մասին հայտնում է «Corriere della Sera»-ն՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը:
Կապված կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման հետ, Իտալիայի առողջապահության նախարարությունը հրապարակել է երկրի գոտիավորման նոր քարտեզ: Ըստ այդմ՝ «կարմիր» կլինեն Լոմբարդիա, Բոլցանո, Տրենտո, Բազիլիկատա, Կամպանիա, Էմիլիա Ռոմանա, Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա, Լացիո, Պիեմոնտ, Վենետո ու Մարկե նահանգները:
Մնացած շրջանները «նարնջագույն» գոտում են, բացառությամբ՝ Սարդինիա կղզու, որը մնում է «սպիտակ»:Շ
Վարչապետ Մարիո Դրագիի հրամանով բոլոր մանրածախ վաճառակետերը (բացառությամբ դեղատների և մթերային խանութների) և ուսումնական հաստատությունները պետք է փակվեն «կարմիր» նահանգներում, և գործում է արգելք՝ առանց անհրաժեշտության տեղաշարժի վրա:
Բացի այդ, իշխանությունները հայտարարել են ապրիլի 3-5-ն ամբողջ երկրում լոքդաունի ներդրման մասին:
Նախօրեին Իտալիայում գրանցել էր COVID-19 վարակի 26 824 նոր դեպք և վարակվածների շրջանում 380 մահ: