15/03/2021 15:24
Իհարկե, անվտանգ է Սյունիքը, ի՞նչ է եղել Սյունիքում, հակառակորդի կողմից ինչ-որ մեկին վնաս հասցվե՞լ է. Իմքայլական պատգամավոր
Իհարկե, անվտանգ է Սյունիքը, ի՞նչ է եղել Սյունիքում, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքից ընտրված իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Այո՛, Սյունիքն անվտանգ է, այսքան ժամանակ ի՞նչ է եղել Սյունիքում, ինչ-որ մեկը Սյունիքում պատերազմից հետո ինչ-որ վնաս կրե՞լ է, հակառակորդի կողմից ինչ-որ մեկին վնաս հասցվե՞լ է», - ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, որ ԱԱԾ-ն հեռախոսահամար է տրամադրում ու հորդորում գերի ընկնելու դեպքում զանգահարել, ինչն արդեն խնդիր է, Խաչատրյանն արձագանքեց.
«Ճիշտ է անում ԱԱԾ-ն։ Ինձ էլ կանգնեցրել և ասել են, որ եթե այս ճանապարհահատվածում մեքենայի անսարքության հետ կապված ինչ-որ խնդիրներ լինեն, հարկադիր կանգառ լինի, ցանկացած օգնություն ակնկալելու նպատակով զանգեք այս համարով։ Պետք է շնորհակալություն հայտնել մեր սահմանապահ զորքերին, որ անգամ պատրաստ են այդ ծառայությունը մատուցել, ոչ թե՝ որ քեզ առևանգեն, կզանգես։ Է, որ առևանգեն, էլ ո՞նց ա զանգում։ Եվ որևէ մեկը չի կարող առևանգել, այդ դեպքում շատ լուրջ քաղաքական և ռազմական խնդիրներ կառաջանան»։