15/03/2021 19:00
Իտալիայում ուժի մեջ է մտել նոր լոքդաունը
Իտալիայում նոր լոքդաուն է ուժի մեջ մտել կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի վատթարացման ֆոնին: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը:
Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան հույս է հայտնել, որ հիվանդության իրավիճակը կսկսվի բարելավվել գարնան երկրորդ կեսից՝ խիստ սահմանափակող միջոցառումների և պատվաստվածների աստիճանական աճի շնորհիվ: Միևնույն ժամանակ, ըստ նրա՝ առաջիկա շաբաթներն Իտալիայում «ծայրահեղ բարդ կլինեն»:
Նշենք, որ մարտի 15-ից Իտալիայի խիտ բնակեցված շրջաններում խանութները, ռեստորաններն ու դպրոցները փակ կլինեն:
Քաղաքների բնակիչները ստիպված կլինեն տանը մնալ, բացառությամբ աշխատանքի գնալու, առողջական պայմանների կամ այլ կարևոր հանգամանքների հետ կապված դեպքերի: Լրացուցիչ սահմանափակումները կտևեն մինչև Զատիկ, իսկ Զատկի երեք օրվա ընթացքում՝ ապրիլի 3-ից ապրիլի 5-ը, ամբողջ երկիրը կմտնի կարմիր կարանտինի գոտի: