15/03/2021 14:38
Կառավարությունը մոտ ապագայում հանդես կգա ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնությամբ. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը քննարկվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ԱԺ-ից հայտնում են, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն առաջարկել են վերացնել ռազմական դրությունը: Հիմնական զեկուցող Արման Աբովյանը նշել է, որ ռազմական դրություն հայտարարելու հիմքերն այժմ վերացել են, ուստի առաջարկվում է վերացնել այն:
Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել էն օրինական ուժի մեջ մտած, բայց չկիրառվող սահմանափակումներին: Որպես օրինակ նշվել է ընդդիմադիր ուժերի ամենօրյա հանրահավաքների անցկացումը, ինչը ռազմական դրության պայմաններում անթույլատրելի է, բայց միաժամանակ չի արգելվում համապատասխան կառույցների կողմից:
«Ռազմական դրության ռեժիմի պահպանումը լուրջ խոչընդոտ է քաղաքական զարգացումների համար», - ասել է Արման Աբովյանն՝ ընդգծելով, որ ռազմական դրության պայմաններում արգելվում է իրավական քայլերի դիմել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ռազմական դրության ժամանակ ընդդիմությունը չի կարող վարչապետի դեմ անվստահության գործընթաց սկսել.
«Այսինքն՝ խորհրդարանական մակարդակով սահմանափակված է ժողովրդավարությունը»:
Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ ընդդիմության համար ռազմական դրությունը խոչընդոտներ չի ստեղծում: Բացի այդ, տարածաշրջանում զորավարժություններ են և անվտանգային խնդիրներ կան, սակայն այս մասին ընդդիմադիրները չեն խոսում. «Հիմա ընդունելի չէ ռազմական դրության չեղարկումը»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտնել է, որ ռազմական դրությունը քաղաքական ներկա զարգացումներին չի խանգարում: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունը մոտ ապագայում հանդես կգա ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնությամբ:
Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծը չի ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը: