15/03/2021 14:18
Քննարկվել են Արցախում նոր ենթակառուցվածքային ծրագրերի հարցերը, պատերազմում կորուստներ կրած կազմակերպություններին աջակցելու հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում (ԱՀ)։ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության կազմում էր Արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։
Նախարարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում իրականացվող և նոր ենթակառուցվածքային ծրագրերին առնչվող խնդիրները, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում կորուստներ և վնասներ կրած Արցախի Հանրապետության կազմակերպություններին և ՓՄՁ-ին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Արցախի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցության հնարավորություններին ու ձևերին:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ԱՀ պետական և մասնավոր հատվածի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված և համատեղ ուսուցման ու վերապատրաստման միջոցառումներին (այդ թվում՝ առցանց եղանակով) մասնակցության հնարարվորությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ինչպես նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ն.Մուսայելյանը, նախարարի տեղակալներ Վ.Ավետիսյանն ու Տ.Առստամյանը, նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բ.Պետրոսյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Արցախի գյուղմթերքի վերամշակման և թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղղությունները։