15/03/2021 17:57
«Ներիր ինձ հայրիկ, ես չգիտեի, որ այսքան սիրում եմ քեզ». Գյումրու թատրոնի բեմում հնչեցին երկար տարիներ չասված, ուշացած խոսքերը. «Հասմիկ»-ն արդեն իրականություն է
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմում օրերս «Հասմիկ» անանձնական մոնոներկայացմամբ Հասմիկ Սուվարյանն էր:
Ներկայացումը բեմադրվել է Աստղիկ Սիմոնյանի «Ճշմարտության հովտում» պիեսի հիման վրա, երաժշտության հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է:
Կիսախավար բեմում, երբեմն հայելիների առաջ, երբեմն էլ հիշողությունների արտացոլքից թաքնվելով՝ Հասմիկը պայքարում է ինքն իր հետ, կռվում է իր մանկությունը խեղաթյուրած՝ իր իսկ գծած հոգեբանական շրջանակի հետ, փորձում է գտնել հոր և աղջկա չստացված փոխհարաբերությունների պատճառները, որոնք հետագայում ծանր դրոշմ են թողնում ճակատագրի վրա, ինչին հաջորդում են զղջումի հույզերը… Հասմիկը վերջապես ասում է երկար տարիներ չասված, ուշացած խոսքերը. «Ներիր ինձ հայրիկ, ես չգիտեի, որ այսքան սիրում եմ քեզ»…
«Սա պատմություն է, որը յուրաքանչյուր մարդունն է: Ես ուզում եմ, որ հանդիսատեսը գա, նայի ներկայացումը ոչ թե իմ խաղը հավանելու համար, այլ գա, մաքրվի այն տհաճ հիշողություններից, որոնք խանգարում են իրեն լիարժեք ապրել», - ներկայացումից հետո պատմում է դերասանուհի Հասմիկ Սուվարյանը։
Ներկայացման բեմադրող ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի կարծիքով՝ «Հասմիկ»-ի ասելիքը շատ արդիական է:
«Յուրաքանչյուր մարդ ունի իր համար գծած սահմաններ, կարևորն այն է, որ հասկանանք, թե այդ սահմանների մեջ ինչպես ենք ապրում։ Այս ներկայացման ասելիքն այն է, որ եթե մարդն ունի ներքին հանգստություն, կկարողանա առաջ շարժվել… Ամեն դեպքում, ցանկացած պարագայում մարդը պետք է խնդիրը գտնի իր մեջ, ոչ թե արտաքին աշխարհում», - նշեց ռեժիսորն՝ ավելացնելով, որ նախատեսվում է Մհեր Մկրտչյան փոքր թատրոնում ներկայացումների շարք, որոնք կրելու են տվյալ դերակատարի անունը:
Սա ձևաչափ է, որը մշակվում է և հիմքն արդեն դրվեց «Հասմիկ» ներկայացմամբ։
Նշենք, որ Գյումրու դրամատիկականը բուռն ստեղծագործական աշխատանքի մեջ է, միայն մարտ ամսին աճեմյանցիները բեմ դուրս կգան 12 ներկայացմամբ, հանդիսատեսն էլ պատրաստ է, պահպանելով սահմանված հակահամաճարակային բոլոր կանոնները, գալ թատրոն, շարունակել ապրել ու ապրեցնել արվեստի ուժով։