16/03/2021 12:27
Ինձնից ի՞նչ պատասխան եք ակնկալում, որ ես մտահոգվա՞ծ եմ. Բադասյանը՝ Փաշինյանի օգնականի մասնակցությամբ սկանդալային տեսանյութի մասին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի ծանոթացել իր նախկին տեղակալ, ներկայում ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի մասնակցությամբ սկանդալային նյութին։
«Համացանցում այնքան նյութեր կան ու ապատեղեկատվության շրջանակն այնքան լայն է, որ շատ դժվար է հիմա իրական ու ոչ իրական լուրերը տարբերել, ես լրացուցիչ ժամանակ չեմ ծախսում նման նյութերի համար», - լրագրողների հետ զրույցում ասաց Բադասյանը։
Նա նշեց, թե կա համապատասխան մարմին, որն արձագանքել է գործին։
«Ինձնից ի՞նչ պատասխան եք ակնկալում, որ ես մտահոգվա՞ծ եմ, ի՞նչ, ի՞նչ պատասխան եք ակնկալում։ Ես ոչ օպերատիվ հետախուզական գործառույթ եմ իրականացնում, ոչ էլ միջոցառումներ կարող եմ իրականացնել ու պարզել՝ իրական է, իրական չէ, որից հետո կորոշեմ՝ մտահոգվեմ, թե չմտահոգվեմ», - նշեց Բադասյանը։
Նա ասաց, թե երբ իրավական պրոցեսը կավարտվի, կհաստատվի կամ կհերքվի փաստը, իրենից այդ ժամանակ կարող են հարցնել քաղաքական գնահատականը։
Հիշեցնենք՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե իր պաշտպանյալի գործով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է ապօրինի հանձնարարում քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել։
168.am-ի էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էին ստացվել։ Դրանցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և, ըստ էության, հրահանգավորում հիմնական դերակատարներին։
Աննա Վարդապետյանի ու ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերևույթ հանցագործությունների կատարման մասին փաստաբան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունում է։