16/03/2021 11:53
Մենք կարիք ունենք Մինսկի խմբի ուժեղ համանախագահության. Արա Այվազյան
Ռազմական գործողություններից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքն ու մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց, այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդենի հետ հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Նախարարի խոսքով՝ ԼՂ համակարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
«Մենք կարիք ունենք Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը։ Մենք նաև կարիք ունենք ամուր ու համախմբված ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության համար պատասխանատու մարմնի։ Մենք կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը», - ասաց ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության ուղերձով, սակայն «խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ»։
«Մենք շարունակելու ենք մեր պայքարը արդար ու արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ», - ասաց Այվազյանը։