16/03/2021 18:21
Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունները չեն նպաստում կայունությանն ու երկարատև խաղաղությանը. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ:
Նա կարևորել է Մինսկի խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի վերսկսման և հիմնախնդրի համապարփակ կարգավորման հարցում: Այս առումով վարչապետը շեշտել է ԼՂ կարգավիճակի հստակեցման ու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միայն կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայունություն և երկարատև խաղաղություն, սակայն Ադրբեջանի նախագահի կողմից շարունակվող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարությունները որևէ կերպ չեն նպաստում դրան:
Վարչապետը շեշտել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հումանիտար խնդիրները, արցախայության իրավունքների, մշակութային ժառանգության ինքնության պաշտպանությունը և այս առումով նշել ԵԱՀԿ կարևոր դերը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների, իսկ Ադրբեջանը շարունակում է գերեվարության մեջ պահել հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:
Որպես ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևորել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն ու իր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ միտված երկարաժամկետ կայուն լուծմանն ու խաղաղության հաստատմանը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարևոր դեր ունեն անդրադառնալու ներկայումս ստեղծված անմիջական իրավիճակին և կողմերին օժանդակելու՝ գտնել հիմնախնդրի կարգավորման ուղիներ: Միաժամանակ, ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել է միջազգային մարդասիրական իրավունքի հարգումն ու հումանիտար խնդիրների լուծումը, ինչը կնպաստի նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: