16/03/2021 15:03
Ֆրանսիայում հայտնաբերվել է COVID-19-ի նոր տարբերակ
Կորոնավիրուսային վարակի նոր տարբերակ է հայտնաբերվել Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրետան շրջանում: Այս մասին հաղորդվում է Ֆրանսիայի առողջապահության նախարարության կայքում:
Հաղորդագրության համաձայն՝ վարակի այս տեսակն այնքան էլ հեշտ չէր պարզել, քանի որ այն հիվանդները, որոնց մոտ այն հայտնաբերվել էր, «SARS-CoV-2–ին բնորոշ ախտանիշներ ունեին», բայց ՊՇՌ թեստերը բացասական արդյունք էին տվել:
Կորոնավիրուսի նոր տարբերակը հայտնաբերվել է Կոտ դ'Արմորի դեպարտամենտի Լանիոն կոմունայի հիվանդանոցային կենտրոնում: Մարտի 13-ին շրջանում հաղորդվել է COVID-19-ի 79 դեպքի, որից ութը նոր տարբերակ էր:
Ներկայումս գիտնականներն ուսումնասիրում են կորոնավիրուսի նոր տարբերակը և փորձում են պարզել, թե ինչպես է այն արձագանքում նախորդ վարակների ժամանակ արտադրված պատվաստումներին և հակամարմիններին:
Ըստ գերատեսչության՝ Ֆրանսիայի իշխանությունները նոր վարակի վերաբերյալ տեղեկատվությունն արդեն փոխանցել են միջազգային առողջապահական մարմիններին: