17/03/2021 16:11
Հուսով եմ՝ դատավորը ճնշումներին կդիմակայի ու անշահախնդիր կկայացնի հիմնավորված դատական ակտ. Օնիկ Գասպարյանի պաշտպան
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանը տեղեկություն չունի՝ ճի՞շտ են շրջանառվող լուրերն այն մասին, որ դատավորը, ում մակագրվել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, իշխանության կողմից ենթարկվում է ճնշումների։
«Հուսով եմ, որ եթե կա նույնիսկ որևիցե ճնշում, ապա դատավորն այդ ճնշումներին կդիմակայի ու անշահախնդիր կկայացնի հիմնավորված, պատճառաբանված դատական ակտ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։
Պաշտպանն ասաց, թե այս պահին գործը վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չունեն։
Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց՝ այն, ինչ ի սկզբանե տեղի է ունեցել Օնիկ Գասպարյանի շուրջ, իրավական տրամաբանության մեջ չէր տեղավորվում, իսկ այն քայլերը, որոնք ձեռնարկում են իրենք՝ դիմելով Վարչական դատարան, կտեղավորվեն իրավական տրամաբանության մեջ։
«Մենք պետք է օրենքով չարգելված միջոցներով մեր վստահորդի շահերը պաշտպանենք, ինչպես նաև համապատասխան իրավական քայլեր ձեռնարկենք, իսկ դա այս դեպքում ոչ այլ ինչ է, քան համապատասխան հայց ներկայացնելը Վարչական դատարան, ինչն էլ արել ենք», - նշեց նա։
Օնիկ Գասպարյանի պաշտպանն ասաց, թե իրենց հայցն առավել քան հիմնավոր է, հայցի ապահովման միջոցն էլ, բնականաբար, հիմնավոր է։
«Տեսնելով դատարանի դիրքորոշումը, այսինքն՝ եթե հայցի ապահովումը բավարարեց, արդեն կհասկանանք, որ, եթե նույնիսկ ճնշումներ եղել են, ճնշումներն ազդեցություն չեն ունեցել, իսկ եթե մերժեց հայցի ապահովման միջոցը, արդեն կարելի է եզրակացություններ անել, քննարկել ու հասկանալ՝ ինչումն էր բանը, մերժել է, որովհետև ներքին համոզմունք ուներ, որ չպե՞տք է այն կիրառվի, թե՞ մերժելու հիմքերը կամ պատճառներն այլ են եղել, այդ թվում, նաև ենթադրյալ ճնշումները», - նշեց Արթուր Հովհաննիսյանը։
Գլխավոր շտաբի նախկին պետի փաստաբանի խոսքով՝ եթե դատարանը հայցի ապահովման միջոցը բավարարեց դեռևս առանց վերջնական ակտի, հաջորդ իսկ օրն Օնիկ Գասպարյանը պետք է անցնի որպես Գլխավոր շտաբի պետ իր լիազորությունների իրականացմանը՝ այդպիսով կասեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունն ու դրա հետևանքները։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը դիմել է Վարչական դատարան՝ իր ազատման հրամանն ապօրինի ճանաչելու պահանջով։ Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։
Այսօր լուրեր տարածվեցին, որ իշխանությունը սկսել է Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանի վրա ճնշում գործադրել, որպեսզի վերջինս չբավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից։
Դեռևս փետրվարի 25-ին Նիկոլ Փաշնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ որոշում է կայացրել պաշտոնից ազատել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Նույն օրն, ավելի վաղ, ՀՀ զինված ուժերը պահանջել էին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։