17/03/2021 13:56
Ընդդիմության առաջ ընտրական օրենսգրքին կողմ քվեարկելու պայման է դրված. եթե դա էլ անենք՝ հիմա էլ ժամացույցս են ուզելու. Էդմոն Մարուքյան
Իշխանությունն ասում է՝ ուզում ենք արտահերթ ընտրություններ լինեն, բայց մի հարց կա՝ մեր կազմած ընտրական օրենքգիրքը չե՞ք գա կողմ քվեարկենք, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մենք էլ ասում ենք՝ եղբայր, մենք շատ կառուցողական ենք եղել և այդ օրենսգրքի խմբում մեր պատգամավորները ձեզ հետ աշխատել են շատ կառուցողական։ Նրանք առաջարկել են բաց ցուցակով համամասնական։
Մենք առաջարկել ենք, որ ոչ թե լինի տարածքային ռեյտինգային ընտրակարգ, այլ՝ բաց։ Օրինակ՝ Էդմոն Մարուքյանին քվեարկում են և՛ Մեղրիում, և՛ Վանաձորում, և՛ Տավուշում, և՛ մյուս մարզերում։ Այսինքն՝ կուսակցության խորհրդի կազմած ցուցակի մեջ ընտրողն իր քվեարկությամբ փոփոխություն է կատարում», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, թե իրենց այդ առաջարկը չի ընդունվել։ Իշխանական պատգամավորներն ասել են, թե ուզում են ամբողջական համամասնական ընտրակարգ.
«Մենք էլ ասել ենք, որ այդ ամբողջական համամասնականի պարագայում մարզային ներկայացվածությունը դուրս կմնա նոր խորհրդարանից, քանի որ գրեթե բոլոր քաղաքական ուժերի էլիտաները Երևանից են հիմնականում։ Կդառնա Երևանի խորհրդարան, տակը կմնա եղած ռեյտինգայինը»։
Մարուքյանի խոսքով՝ երբ դեկտեմբերին իրենց առաջարկվել է արտահերթ ընտրություններ, առաջարկվել է գործող օրենսգրքով։
«Կամ մենք գործող օրենսգրքով գնում ենք արտահերթ ընտրությունների, կամ եթե իրենք ուզում են, որ իրենց գրած օրենսգրքով դա արվի, ուրեմն պետք է հիմա իրենք արագ քվեարկեն, ընդունեն իրենց ուզած օրենսգիրքը և դրանով գնան։ Եվ չակնկալեն, որ ընդդիմությունը այն օրենսգրքին, որին դեմ է, պետք է կողմ քվեարկի։ Ավելին ասեմ, այդ օրենսգրքում գրել են, որ երբ ընտրություններն ավարտվում են, առաջին տեղն ընկած ուժը 14 օր միանձնյա ժամանակ պետք է ունենա՝ որոշելու, թե ում հետ է կոալիցիա կազմում։ Եթե 14 օրվա ընթացքում դա չի ստացվում, դրանից հետո 7 օրվա ընթացքում մյուսները կարող են դա անել։ էլի ուրիշ խայտառակ դրույթներ կան։ Ընդդիմության առաջ ընտրական օրենսգրքին կողմ քվեարկելու պայման է դրված։ Եթե դա էլ անենք՝ հիմա էլ ժամացույցս են ուզելու», - ասաց Մարուքյանը։