17/03/2021 11:55
Եվրոպայում խոստովանել են Ռուսաստանի հետ հարաբերություններում սխալները
Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատների ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Լյայթլը ավստրիական Kurier պարբերականում իր հոդվածում խոստովանել է, որ Եվրոպան սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Ըստ Լյայթլի՝ այս պահին Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի հետ հասել են ամենացածր կետին, բայց դրանց վերականգնման հնարավորություն կա: Նա կարծում է, որ «ստեղծագործ լինելով՝ կարելի է գտնել նոր լուծումներ»:
Մասնավորապես, Բրյուսելը պետք է սկսի աստիճանաբար մեղմացնել պատժամիջոցները, որոնք, նրա խոսքով, «երկու կողմերին էլ ահռելի վնաս են հասցրել»:
Բացի այդ, կողմերը պետք է հարաբերություններ հաստատեն տնտեսական, գիտական և մշակութային ոլորտներում: Ինչ վերաբերում է ուկրաինական խնդրին, պալատի նախագահը կարծում է, որ Եվրամիությունը պետք է չեզոք մնա՝ հետևելով Ավստրիայի օրինակին: Ի թիվս այլ շփման կետերի, նա նշել է կլիմայի փոփոխության և թվայնացման հետ կապված մարտահրավերները: