17/03/2021 16:33
«Էդմոն Մարուքյանը փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը». ՀՖՖ-ն ներողություն է պահանջում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջով անդրադարձել է հայկական ֆուտբոլին, մասնավորապես, Վանաձորի «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու որոշմանը, այս մասին ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության տարածած հայտարարության մեջ։
«Հիշեցնենք, որ մարտի 16-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի «Արարատ»-«Լոռի» խաղի մեկնարկում Վանաձորը ներկայացնող թիմը հրաժարվել է խաղալ: Հետագայում «Լոռի ՖԱ» ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ ակումբը չի շարունակի ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում՝ հիմնավորելով այս որոշումը «ստեղծված անառողջ մթնոլորտով»: Էդմոն Մարուքյանը, սակայն, էլ ավելի առաջ է գնացել և բացատրել է «Լոռի ՖԱ» ղեկավարության վարքագիծը հետևյալ չհիմնավորված փաստարկներով․ «Այս իշխանության բերած կադրերը ձախողում են բոլոր ոլորտները», «իրենց պահում են ամենավերջին, ամենախայտառակ ձևով», «նման խայտառակություններ չեն էլ եղել», «ֆուտբոլի ղեկավարության ապագան սպասվում է քրեակատարողական հիմնարկներում»: Սրանք են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ ֆուտբոլին վերաբերող անդրադարձից հատվածներ:
Հնարավոր է, որ որոշ անձինք Էդմոն Մարուքյանին սխալ են ներկայացրել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը, այդուհանդերձ, կարծում ենք՝ նա չէ, որ պետք է գնահատականներ տա հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակին, որին բարձր գնահատականներ են տալիս ոլորտի իրական մասնագետները: Ուրախ ենք, որ պատգամավորը նկատել է, որ Հայաստանի առաջնությունն արդեն 8 ամիս է՝ ընթացքում է, և զարմանում ենք, որ չի նկատել, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդամենը մի քանի ամիս առաջ իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական մրցաշարի հաղթող է դարձել, լրջագույն հաջողություններ է գրանցել նաև Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը: Ընդ որում, դա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության համար ծանրագույն ժամանակաշրջանում, երբ COVID-19-ի համավարակի մարտահրավերներին ավելացել էր պատերազմական իրադրությունը: Հարկ է նշել, որ այդ հաջողությունների մեջ իրենց համեստ լուման ունեն, պարոն Մարուքյանի բառամթերքն օգտագործելով, «այս իշխանությունների բերած կադրերը»:
Մեր գնահատմամբ՝ Էդմոն Մարուքյանը, հակասելով մարզական հիմնարար սկզբունքներին, փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը, ինչն անթույլատրելի է հատկապես ներկա պահին, երբ Հայաստանի ազգային հավաքականն օրեր անց մեկնարկելու է Աշխարհի գավաթի ընտրական փուլում։ Ֆուտբոլի քաղաքականացումն անընդունելի և դատապարտելի քայլ է։
Եվ վերջապես, ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ ինչ-որ «քրեական փաստերի» մասին պարոն Մարուքյանի արած սպառնալիքի վերաբերյալ: Պաշտոնապես պահանջում ենք հրապարակել նման փաստեր, եթե դրանք առկա են, հակառակ դեպքում՝ հրապարակային ներողություն խնդրել ՀՖՖ ղեկավարությունից՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար», - ասված է հայտարարությունում: