18/03/2021 18:44
Քաղաքական գործիչները դատապարտում են լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա նախարար Հակոբ Արշակյանի հարձակումը. նա պետք է հրաժարական ներկայացնի
«Ցանկանում ենք ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտասահմանյան կասկածելի ֆոնդերից սնվող «իրավապաշտպաններն» ու լրագրողների իրավունքների պաշտպանության մասին տարիներ շարունակ աղաղակող կազմակերպություններն իրականում զբաղված են եղել փողեր մսխելով, ուստի երբեք չեն դատապարտել այս իշխանությունների հարձակումներն ազատ խոսքի և լրագրողների նկատմամբ, ավելին՝ զբաղված են նրանց բռնությունները և ապօրինությունները կոծկելով», - ասված է հայտարարության մեջ։
Փայլակ Ֆահրադյանն այսօր հայտնել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա։
Դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում։
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է, որ իշխանությունները լրագրողների նկատմամբ այնքան են լկտիացել, որ սկսել են արդեն բռնություն կիրառել։
«Խստագույն դատապարտում եմ այդ հանցավոր արարքն ու պահանջում իրավապահներից ձեռնարկել հրատապ անհրաժեշտ միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու և մեղավորին պատասխանատվության ենթարկելու համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբայանը։
Իսկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Արշակյանը հենց այս պահին հրաժարական պիտի ներկայացնի։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշել է, որ ներքաղաքական լարվածության հետ պայմանավորված հաճախակի են դարձել նաև լրագրողների նկատմամբ հարձակումները թե՛ քաղաքացիների և թե՛ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։
«Եթե առաջին դեպքում գործ ունենք ցածր իրավագիտակցության և համընդհանուր սևուսպիտակի ատելության գեներացման հետևանքների հետ, ապա երկրորդ դեպքում՝ լրագրողների նկատմամբ գիտակցված անհանդուրժողականության հետ։ Հանրային և քաղաքական գործիչները, պաշտոնյաները այս հարցում կրում են ավելի բարձր պատասխանատվություն և պետք է լինեն ավելի զսպված և համագործակցային։ Նրանք պետք է գիտակցեն, որ մշտապես հասարակության ուշադրության և հետաքրքրասիրության կենտրոնում են և իրենց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը ևս սահմանափակված է։ Հարգելի՛ պաշտոնյաներ, ցուցաբերեք հանգստություն և հանդուրժողականություն», - նշել է նա։
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, «մարդասպանների իշխանության սանձարձակությունը նոր հորիզոններ է նվաճում»:
«Սրանք որևէ կարմիր գիծ չունեն, սրանց համար մարդը զրո արժեք ունի: Այլապես հազարավոր զոհերից հետո, գետնի տակը կանցնեին բառի բուն ու փոխաբերական իմաստով ու չէին հարձակվի մարդկանց վրա: Կոչեր չեմ անում, ակնկալիքներ չունեմ առանձնյակների այնպիսի փնջից, որոնցից մեկը հարձակվում է լրագրողի վրա, մյուսը հազարավոր երեխեքի ցեղասպանություն է կազմակերպում, որ ինքն ու կինը շարունակեն քարշ գալ երկրագնդի վրա, երրորդը, իրավաբանությունից զրո գիտելիք ունենալով, հարձակվում է դատավորի վրա ու ակԾիվիստին բնորոշ ապուշություններ դուրս տալիս, չորրորդը գերիների թեման է շահարկում և այլն և այլն: Սրանց հեռացումը այլընտրանք չունի, եթե ուզում ենք պետություն ունենալ, չխելագարվել, չամաչել սերունդներից ու ուղղակի մեր գործն անել», - նշել է նա։