18/03/2021 14:48
Ատոմային նոր էներգաբլոկի կառուցումն օրակարգում է. Տիգրան Մելքոնյան (Տեսանյութ)
ՀՀ-ն նախատեսում են դարձնել էներգետիկ հանգույց: Այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը:
Նա ընդգծեց, որ կառավարության կողմից ընդունված էներգետիկայի բնագավառի մինչև 2040թ. զարգացման ռազմավարության ծրագրի արդյունքում ակնկալում են ունենալ ինքնաբավ արտահանմանն ուղղված գերժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ, արդի ենթակառուցվածքներով էներգետիկ համակարգ:
«Ռազմավարությամբ ամրագրված է՝ կառավարությունը հավատարիմ է, որ էլեկտրաէներգետիկական արտադրող կառուցվածքում մնայուն տեղ ունենա ատոմային էներգետիկան՝ հաշվի առնելով կարևորությունը էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում: Մեր օրակարգում է ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը: Ներկայում ուսումնասիրություններ ենք անում, և երբ որոշում կայացվի, թե ինչ հզորությամբ, ինչ տեխնոլոգիայով ենք նոր ատոմակայան կառուցում, մինչև 2036թ ավարտը կմշակվի ծրագիր», - ասաց էներգետիկայի վարչության պետը:
Իսկ գործող կայանի արդիականացման աշխատանքները, նրա խոսքով, 2023-ին ավարտված կլինեն: