18/03/2021 15:54
Կոնգրեսական Բրեդ Շերման. Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր հայ ռազմագերիներին
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ խոսել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերի հետ, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ:
«Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր հայ ռազմագերիներին:
Ուրախ եմ լսել, որ ԱՄՆ պետքարտուղարությունը մի քանի առարկայական զրույց է ունեցել Բաքվի հետ՝ կոչ անելով ազատ արձակել գերիներին: ԱՄՆ իշխանությունների ջանքերի շնորհիվ Բաքուն թույլատրել է ԿԽՄԿ-ի հասանելիությունը ռազմագերիներին: Ես կշարունակեմ ԱՄՆ պետքարտուղարության հետ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով աշխատանքները», - գրել է Բրեդ Շերմանը։