18/03/2021 10:48
Սահմանակից պետությունը բողոքել է՝ Հայաստանից սահմանային շերտում տեսանկարահանում են անում. ԱԱԾ-ն արգելելում է առանց թույլտվության տեսանկարահանում անել
Ազգային անվտանգության ծառայությունը կառավարության հավանությանն է ներկայացրել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Ըստ ԱԱԾ-ի՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:
«Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ», - նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Ի դեպ, այս նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի մեջ։
Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին ԱԱԾ-ն հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ լրատվամիջոցները Սյունիքի մարզի սահմանային վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։