19/03/2021 15:00
Բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն. Իշխան Սաղաթելյան
Մեզ հավատ չի ներշնչում Ֆեյսբուքյան ստատուսը, թե հունիսի 20-ին ընտրություններ են լինելու, բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն, Բաղրամյան պողոտայում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը:
Նա ընդգծեց, որ ընտրությունների կազմակերպումը եղել է շարժման պահանջներից մեկը և եթե նույնիսկ դրանք տեղի ունենան՝ սա կբավարարի շարժման պահանջների ընդամենը մի մասը:
«Մենք գտնում ենք, որ ընտրություններն անհրաժեշտ և կարևոր պայման են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, իր ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում կա մեծ վտանգ, որ մցակցային հավասար պայմաններով չեն լինելու», - նշեց նա՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակից դուր գալու փոխարեն կարող է նոր ճգնաժամ սկսվել:
Սաղաթելյանի խոսքով՝ ժամանակավոր վարչապետ պետք է լինի մարդ, ով այդ ընտրություններին անձնական շահագրգռվածություն չի ունենալու։ Նա չբացառեց, որ այդ մարդը կարող է լինել Վազգեն Մանուկյանը։
Սաղաթելյանը նշեց, որ իրենք շարունակելու են բողոքի ակցիաները, հնարավոր են մարտավարության տարրերի փոփոխություններ:
«Խոսել ընտրության մասին, որը գոյություն չունի... անիմաստ ենք համարում մտնել այդ օրակարգ», - ավելացրեց նա: