19/03/2021 17:28
ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են մի շարք տրանսպորտային ծրագրեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը լավ հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջև ենթակառուցվածքային համագործակցության հետագա զարգացման համար։
Երկուստեք անդրադարձ է կատարվել մի շարք տրանսպորտային ծրագրերի, այդ թվում՝ «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի նախագծերի շրջանակներում համագործակցության հնարավորություններին։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն Իրանի փոխարտգործնախարարին տեղեկացրել է նաև Հայաստանի բեռնափոխադրողների կողմից բարձրացված՝ սահմանահատումների ընթացքում ֆիտոսանիտարական վերահսկման փաստաթղթերի ներկայացման ընթացակարգային խնդիրների վերաբերյալ՝ իրանական կողմին առաջարկելով դիտարկել այդ ընթացակարգերը դյուրացնելու և էլեկտրոնային տարբերակով ու փոխադարձության սկզբունքով այդ հարցը կարգավորելու հնարավորությունները։