20/03/2021 14:27
Մեր երկիրն այսօր վերածննդի անհրաժեշտություն ունի բոլոր ոլորտներում. «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյան
Սյունեցին այսօր ամեն օր իր կաշվի վրա զգում է՝ ինչ է նշանակում ապրել թշնամու անմիջապես կողքին և ամեն օր խնդիրներ լուծել, որոնք կապված են պրովոկացիաների, հանձնված տարածքների և ճանապարհների հետ։ Մեր երկիրն այսօր վերածննդի անհրաժեշտություն ունի բոլոր ոլորտներում, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հրավիրած անդրանիկ մամուլի ասուլիսին հայտարարեց կուսակցության ընտրված նախագահ Վահե Հակոբյանը։
Կուսակցության կարգախոսն է՝ անվտանգություն, արդարություն և աշխատանք։
«Պատահական չէ, որ անվտանգությունը դրել ենք առաջին տեղում և համարում ենք սկզբունքային», - ասաց Վահե Հակոբյանը՝ նշելով, որ կուսակցության համագումարը կլինի առաջիկայում, որտեղ մանրամասն կնշեն կուսակցության անելիքների և ծրագրերի մասին։
«Կուսակցության վարչության կազմից համարյա բոլորս եղել ենք «Հանրապետական» կուսակցության անդամներ և չենք ամաչում դրանից։ Մարդկանց պետք է գործերով դատել։ Գնացեք Սյունիք և ցանկացած բիզնեսմենի հարցրեք, թե ոնց է եղել այն ժամանակ։ Երբ ես ստանձնեցի Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզը բոլոր ցուցանիշներով եղել է վերջին տեղում։ Մեկ տարի հետո մենք փակել ենք ցուցանիշներն առաջին տեղով թե՛ ներդրումային, թե՛ սոցիալական, թե՛ հարկերի մասով», - ասաց Վահե Հակոբյանը։