20/03/2021 13:17
Այսօր կան մարդիկ և ուժեր, որոնք Հայաստանում ուզում են արյուն. Վարչապետ
Իրավիճակը, որ մենք այսօր Հայաստանում ունենք, աննախադեպ է, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում այսօր բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսպիսի ծանր պատերազմից հետո 5 ամիս տևած այդ հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից։ Այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր և նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են։ Բայց ես ուզում եմ արձանագրենք, որ այս հակադրության ընթացքում, մեզ, ըստ էության, քաղաքացիական բախումներից հնարավոր է եղել խուսափել։ Սա չափազանց մեծ ձեռքբերում է»։
Վարչապետն ասել է, թե դա առաջին հերթին ժողովրդի ձեռքբերումն է։
«Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթևեթանքների, սպանությունների կոչեր են անում, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում։ Մենք հանգում ենք իրավիճակի, որ նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են այդ սպանությունների կոչերը, իրավապահ մարմինները ձերբակալում, տանում են կալանավորելու, նրանք ասում են՝ ոչինչ, գնացեք և շարունակեք ձեր «առաքելության» իրականացումը», - հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանում կան մարդիկ և ուժեր, որոնք արյունահեղություն են ուզում։
«Այսօր կան մարդիկ և ուժեր, որոնք Հայաստանում ուզում են արյուն, ուզում են, որ փողոցներում արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ դեռևս չեն հագեցել հոկտեմբերի 27-ի արյունով, Մարտի 1-ի արյունով, այդ մարդիկ չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով և ուզում են Հայաստանը ներքաշել արյունահեղության մեջ»։
Տեսանյութը՝ armlur.am-ի։