20/03/2021 23:37
Փաշինյանը հաստատել է գեներալ Մովսես Հակոբյանի տեղեկությունը, որ ՍՈՒ-30 ՍՄ կործանիչները ձեռք են բերվել առանց զինամթերքի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտնած տեղեկությունը, որ ՍՈՒ-30 ՍՄ կործանիչները ձեռք են բերվել առանց զինամթերքի:
«Մեզ ասում են ինչի՞ եք ինքնաթիռ առել։ Այո՛, մենք ինքնաթիռ առել ենք, և, այո՛, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերեինք։ Բա ինչի՞ 26 տարվա պետությունը չի ունեցել կործանիչ ավիացիա», - Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը։
2020թ. նոյեմբերի 19-ին Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանը ձեռք է բերել ՍՈՒ-30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել։ Նա ասել էր, որ ՍՈՒ-30-ները երկում են՝ առանց զինամթերքի:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Մովսես Հակոբյանի հայտարարությունները, նշելով, որ դրանք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում։
«Բացահայտ սուտ է նաև Մովսես Հակոբյանի պնդումն այն մասին, թե ՍՈՒ-30 ՍՄ-ները հրթիռներ չունեն։ Այդ ինքնաթիռները հանդիսանում են սպառազինություն, որը պետք է վերածվեր կարողության։ Գործընթացն իրականացվել է պատերազմից առաջ և ամփոփվել պատերազմի օրերին», - ասված էր ՊՆ հայտարարության մեջ։
Իսկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասել էր, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:
«Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ եւ ըստ պատեհության կանդրադառնա դրանց: Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաեւ վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում», - նշել էր Գևորգյանը։