20/03/2021 16:26
Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը մինչև հեղափոխություն չի արտահայտել ժողովրդի ներքին ցանկությունները. Փաշինյան (Տեսանյութ)
Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացն առաջին վայրկյանից մինչև հեղափոխության մեկնարկը չի արտահայտել մեր ժողովրդի ներքին ցանկությունները, Ուջանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր, օրինակ, ասում են՝ ինչո՞ւ 2018-ին մենք այդ բանակցային բովանդակությունը չվերցրինք ու չտարանք առաջ կամ ինչո՞ւ չստորագրեցինք այդ թղթերը, մի պարզ պատճառով՝ 2018-ին այն բանակցային բովանդակությունը, որ եղել է, եղել է Արցախը փուլային եղանակով Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ», - ասել է Փաշինյանը։
Նա նշել է, թե իրենք ժողովրդի ձգտումները պաշտպանել են մինչև ամենավերջին վայրկյանը։
«Եվ մենք պատերազմը դադարեցրել ենք այն ժամանակ, երբ որ շարունակելն այլևս իմաստ չուներ, մենք այլևս հեռանկար չտեսանք, խնդիր էր դրված մեր 25-30 հազար զինվորների կյանքը բառիս բուն իմաստով փրկել, մեր զինվորներին շրջափակման վտանգից ազատել», - ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ իրեն շատերը մեղադրում են դավաճանութան մեջ, ինքն էլ հարցնում է՝ ո՞րն է դավաճանությունը։
«Մեզ, միևնույն ժամանակ, մեղադրում են հողերը և՛ հանձնելու, և՛ չհանձնելու մեջ, մենք կանգնել ենք այնքան ժամանակ, մինչև հնարավոր էր կանգնել, մենք որոշում ենք կայացրել այն ժամանակ, երբ որ որոշումը պետք էր կայացնել, հակառակը կլիներ ավելի մեծ աղետ, սա է ճշմարտությունը», - նշել է Փաշինյանը։
Նա ասաց՝ իրենք, այո, մեղավոր են։
«Մի բան կա բայց, որի մեջ մեզ մեղադրել չի կարելի, դա դավաճանությունն է», - նշել է վարչապետ Փաշինյանը։