22/03/2021 13:56
Լավրով. Ռուսաստանն ու Չինաստանը կաշխատեն սահմանների բացման ուղղությամբ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կանեն հնարավոր ամեն ինչ սահմանները բացելու և հաղորդակցությունը վերսկսելու համար:
«Համոզված եմ, որ համաճարակաբանական իրավիճակի նորմալացման արդյունքում, և այդ միտումն արդեն ակնհայտ է, մենք կկարողանանք համատեղ անել հնարավորը հնարավորինս շուտ սահմաններ բացելու և փոխադարձ ճանապարհորդությունները վերականգնելու համար», - ասել է նա չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
Նախարարը նշել է, որ կարանտինի խիստ սահմանափակումները պետք է աստիճանաբար մեղմացվեն, իսկ հետո ամբողջությամբ չեղարկվեն:
Լավրովը հիշեցրել է, որ երկու երկրներն ունեն մեծ զբոսաշրջային փոխանակումներ, և վերջին տարիներին դրանք զգալիորեն աճել են: Այսպիսով, 2019 թվականին, համավարակի սկսվելուց առաջ, Չինաստանի գրեթե 2 միլիոն քաղաքացի հանգստացել է Ռուսաստանում: