22/03/2021 11:53
Աշխարհը ջրի համաշխարհային պակասուրդի առաջ է կանգնած. ՅՈՒՆԵՍԿՕ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել է, որ աշխարհը 2030 թվականին կբախվի ջրի համաշխարհային պակասուրդի՝ 40 տոկոսի չափով, գրում է ТАСС-ը:
Ըստ նրա՝ ջրի պակասի հետ կապված իրավիճակը կսրվի այլ գլոբալ խնդիրներով, այդ թվում` համավարակի հետևանքներով:
Ազուլեն նշել է, որ աշխարհն անբավարար ջանքեր է գործադրում ջրային ռեսուրսները խնայելու համար, և այժմ առկա է դրանց արժեքի ճիշտ գնահատման սուր հարց:
«Ջուրը մեր ամենաթանկ ռեսուրսն է՝ կապույտ ոսկին, որին ավելի քան 2 միլիարդ մարդ ուղղակի հասանելիություն չունի: Այն ոչ միայն անհրաժեշտ է գոյատևման համար, այլև սանիտարական, սոցիալական և մշակութային դեր է խաղում մարդկային հասարակություններում», - ընդգծել է կազմակերպության ղեկավարը:
Օդրե Ազուլեն առաջարկել է մշակել ինտեգրված մոտեցում, որը կքննարկի ջրային ռեսուրսների տարբեր ասպեկտներ՝ քաղաքականության համապատասխան տարբերակները որոշելու համար: