22/03/2021 11:34
Վարչապետն ասում է՝ «ես արհամարհած ունեմ մեր երկրում դատական իշխանության փաստաթղթերը». Օնիկ Գասպարյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի
ՀՀ կառավարությունն այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին, մինչդեռ, օրեր առաջ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
«Վարչական դատարանի որոշումը կայացված է, ուժի մեջ է ու պարտադիր է բոլորի համար», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։
«Երբ վարչապետը նման հայտարարություն է անում, ընդամենն ասում է՝ «ես արհամարհած ունեմ մեր երկրում դատական իշխանության փաստաթղթերը» », - նշեց փաստաբանը։
Նա ասաց, թե կառավարության այս հայտարարության հետևանքները և քրեաիրավական են, և վարչաիրավական. համապատասխան հաղորդումները հանցագործության մասին կներկայացվեն իրավասու մարմիններին։
«Համապատասխան ընթացակարգերով մենք առաջ ենք գնալու, մեր քայլերը կարվեն ու շուտով արդյունքների մասին հանրությանը կտեղեկացնենք, բայց այն, ինչ հիմա կատարվում է, անընդունելի է, իրավական պետությանը հարիր երևույթ չէ, իրավունքի գերակայության մասին մենք այլևս չենք կարող խոսել», - ասաց Օնիկ Գասպարյանի փաստաբանը։
Հովհաննիսյանը շեշտեց՝ գործադիրը «թքած ունի դատական իշխանության թղթերի վրա»։
«Մեր խորին համոզմամբ՝ նույն կերպ լինելու են արտահերթ ընտրությունները. կեղծվելու են ընտրությունները և դատական կարգով եթե անձիք որոշեն վերականգնեն իրենց իրավունքները, նույն հետևանքներն են լինելու, բանի տեղ չեն դնելու դատական ակտերը», - ասաց նա։
Փաստաբանը տեղյակ չէ՝ արդյոք այսօր աշխատանքի գնացել է Օնիկ Գասպարյանը, սակայն, նրա խոսքով, իրավական հարցն այն չէ՝ գնո՞ւմ է, թե՞ չի գնում, «դատական ակտը Գասպարյանի գնալ-չգնալով չէ, որ պետք է կատարվեր»։
«Դատական ակտը պետք է կատարվեր հետևյալ կերպ՝ այսօր հայտարարություն չպետք է տրվեր, պաշտպանության նախարարը պետք է Գլխավոր շտաբի ռեզերվից հաներ պարոն Գասպարյանին, այլ ընթացակարգեր էլ կային, պետք է արվեին, որպեսզի Օնիկ Գասպարյանը դատական ակտի հիման վրա իր լիազորությունները ստանձնի ու իրականացնի, ինչը չարվեց. պաշտոնեական դիրքի չարաշահում է», - ասաց փաստաբանը։
Նշենք, որ վարչական դատարանի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պնդելով՝ Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։
Դեռևս փետրվարի 25-ին Նիկոլ Փաշնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշում է կայացրել պաշտոնից ազատել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Նույն օրն, ավելի վաղ, ՀՀ զինված ուժերը պահանջել էէ ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։