23/03/2021 12:51
Ռազմական դրությունը սպառել է իրեն. այն մի բանի համար է մնացել. Մարուքյան
Տեսնում եմ բազմաթիվ բացականեր կան, երևի արդեն քարոզաշավի են մասնակցում, բայց հույս ունեի, որ քննարկում կունենանք, խորհրդարանում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը ներկայացնելուց հետո ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հայաստանի պատմության մեջ ռազմական դրություն առաջին անգամ է հայտարարվել: Սա էլ է մեծ հարցական՝ պե՞տք էր հայտարարել, թե՞ պետք չէր, բայց հայտարարվել՝ հայտարարվել էր: Հիմա պատերազմը վերջացել է, ստորագրված փաստաթուղթ կա, գործում է», - ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ ռազմական դրությունը սպառել է իրեն:
«Այն մնացել է միայն մի բանի համար, որ այստեղ անվստահության գործընթաց չսկսվի», - ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով նաև, որ ռազմական դրությունը հանելու վերաբերյալ վարչապետի հետ որևէ բանակցություն չի վարել:
ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը արձագանքեց, որ ռազմական դրությունը հանելու ծանրակշիռ հիմնավորում չլսեց Մարուքյանի խոսքում: Նա խնդրեց խոսակցությունների ու բամբասանքի մակարդակի հայտարարությունները չհնչեցնել ամբիոնից՝ նկատի ունենալով անվստահություն հայտնելու մասին Մարուքյանի դիտարկումը:
«Տիկին Վարդանյան, այս ամբիոնից Դուք, Ձեր շատ գործընկերներ ֆեյսբուքյան ստատուսներ եք կարդացել: Այս ամբիոնը դարձել էր ԱԼՄ-ի հաղորդաշարը: Հիմա այս ամբիոնն ինչո՞վ ենք անլրջացրել», - պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: