23/03/2021 19:11
Microsoft-ը ևս մեկ սոցցանց կգնի
Ամերիկյան Microsoft ընկերությունը բանակցություններ է վարում Discord սոցիալական ցանցն ավելի քան 10 միլիարդ դոլարով գնելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Նշվում է, որ Discord-ը բանակցություններ է վարում մի քանի հավանական գնորդների հետ, բայց դեռ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Գործակալության աղբյուրներից մեկի համաձայն՝ ընկերությունն, ամենայն հավանականությամբ, կդառնա հանրային, քան կհանվի վաճառքի:
Հայտնի է, որ ավելի վաղ Discord-ը դիմել էր Microsoft- ին՝ ընկերության նկատմամբ հետաքրքրությունը գնահատելու համար, սոցցանցի հետ բանակցությունները վարում էր Microsoft-ի xbox բաժանմունքի ղեկավար Ֆիլ Սպենսերը:
Discord սոցիալական ցանցը ստեղծվել էր 2015-ին, ի սկզբանե այն պետք է հարթակ դառնար գեյմերների համար: Սոցիալական ցանցում օգտատերերը կարող են շփվել՝ օգտագործելով վիդեո և ձայնային հաղորդակցություն, ինչպես նաև հաղորդագրություններ փոխանակելու միջոցով: Discord-ն ունի ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատեր: