23/03/2021 18:15
ԱՄՆ-ում կսկսեն փոխհատուցում վճարել ռասիզմից տուժածներին
Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքն ԱՄՆ-ում առաջինն է որոշում կայացրել գումար տրամադրելու մասին աֆրոամերիկացի ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու համար, որոնք երբևէ տուժել են խտրականությունից և հետապնդումներից։
Այս մասին հայտնում է քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ գումարը կհատկացվի հատուկ ֆոնդից, որը ստեղծվել է 2019-ին՝ կանեփի օրինականացված վաճառքի շնորհիվ:
Ենթադրվում է, որ 10 տարվա ընթացքում քաղաքային իշխանությունները 10 միլիոն դոլար կբաշխեն 75 հազար մարդու միջև:
Առաջին փուլում առաջարկվել է հատկացնել 400 հազար դոլար, որը որպես 25 հազարի սուբսիդավորում կուղղվի 16 ընտանիքի կենսապայմանների բարելավմանը:
Սուբսիդիաների համար կարող են դիմել աֆրիկյան ծագմամբ Էվանստոնի բնակիչները, որոնք քաղաքում ապրել են 1919-ից 1969 թվականներին կամ նրանց անմիջական հարազատները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռասիստներին անվանել է ԱՄՆ-ի համար ահաբեկչական հիմնական սպառնալիք: