23/03/2021 15:06
Մեկ տարի կորոնավիրուսի պայմաններում. ՀԿԵ-ն շարունակում է պահպանել COVID-19-ին հակազդելու միջոցները
Արդեն ավելի քան մեկ տարի Հարավկովկասյան երկաթուղին գործում է «արտակարգ» պայմաններում, որոնք թելադրում է կորոնավիրուսային վարակի դեռ շարունակվող համաճարակը:
Այդ մեկ տարվա ընթացքում հակակորոնավիրուսային միջոցառումների իրականացմանը երկաթուղին ծախսել է շուրջ 17 միլիոն դրամ:
Ընկերության ձեռնարկությունների կարիքների համար ձեռք են բերվել 85 հազար տարբեր տեսակի դիմակներ, ավելի քան մեկ տոննա տեխնիկական սպիրտ և մոտ երկու տոննա հակաբակտերիալ գել: Սեփական նախաձեռնությամբ ընկերությունը անվճար տեղափոխում է համաճարակի պատճառով գործուղումների մեկնող բուժաշխատողներին՝ տարվա ընթացքում արդեն տեղափոխել է շուրջ 1800 բուժաշխատող:
Երկաթուղին շարունակում է պահպանել COVID-19-ի տարածումը կանխելու և վիրուսին հակազդելու միջոցները: Այսպես, բոլոր երկաթուղային կայարաններն օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով, կայարաններում ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվում են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին: Մերձքաղաքային բոլոր էլեկտրագնացքները մաքրվում են ախտահանման լուծույթներով` մեկնումից առաջ և հետո: Բոլոր սպասասրահներում և վագոններում տեղադրված են սանիթայզերներ:
Ուղևորների հետ աշխատող բոլոր աշխատակիցները (ուղեկցորդներ, գանձապահներ, վերահսկիչներ, կայարանների հերթապահներ, լոկոմոտիվային բրիգադներ և այլն) ապահովված են բժշկական դիմակներով, պաշտպանիչ ձեռնոցներով և հակասեպտիկներով: Հարավկովկասյան երկաթուղու վարչական շենքի, դեպոների, գծային համալիրի ձեռնարկությունների մուտքերի մոտ աշխատողներն անցնում են պարտադիր ջերմաչափում: Բոլոր աշխատակիցներին տրամադրվում են բժշկական դիմակներ, ձեռնոցներ և հակասեպտիկներ, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի կանխարգելման մասին հուշաթերթիկներ: Բոլոր գրասենյակային տարածքներում պահպանվում են սոցիալական հեռավորության նորմերը (1,5-2 մետր):
Ինչպես նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ընկերությունը բոլոր միջոցներն է ձեռնարկում իր աշխատակիցներին և ուղևորներին պաշտպանելու համար.
«Երկաթուղին ռազմավարական նշանակության օբյեկտ է, և մենք պետք է ապահովենք դրա անխափան և անվտանգ աշխատանքը` համագործակցելով պետական մարմինների և Առողջապահության նախարարություն հետ: Սանիտարահիգիենիկ խիստ հսկողությունը և աշխատանքային կարգապահությունը մեզ թույլ տվեցին նման դժվար ժամանակահատվածում՝ առանց նույնիսկ մեկ օրով աշխատանքը դադարեցնելու, ապահովել անխափան տրանսպորտային հաղորդակցությունը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային տրանսպորտի ոլորտում»: