24/03/2021 17:07
Արտահերթ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով՝ առանց վարկանիշային ցուցակի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել՝ արտահերթ ընտրույթունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։
«Ընտրական օրենսգրքի ընտրակարգն արտահերթ ընտրությունների անցկացման պայմանավորվածությունների մաս չի եղել, բայց ես բոլոր քննարկումներում հարց եմ ուղղել մեր գործընկերներին, այդ թվում՝ խորհրդարանական, թե իրենք ի՞նչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ։
Այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգը լինի՞, թե՞ չլինի։ Ըստ էության, մեր խոսակցությունների ժամանակ արձանագրել ենք, որ և՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, և՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս հարցն, այսպես ասած, թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը։ Այսինքն, իրենք խնդիր չունեն, վարկանիշայինը լինի, թե չլինի», - ասաց վարչապետը։
Դրանից հետո, Փաշինյանի խոսքով, խորհրդարանական մեծամասնությունը քննարկումներով ունենալով արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոշում է կայացրել, որ պետք է գնալ ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացնել համամասնական ընտրակարգով՝ առանց վարկանիշային ցուցակի։