24/03/2021 12:05
Մակրոն. Մենք պետք է հստակեցնենք ՆԱՏՕ-ում Թուրքիայի տեղը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անհրաժեշտ է համարում հստակեցնել ՆԱՏՕ-ում Թուրքիայի տեղը` միաժամանակ մատնանշելով Անկարայի հետ երկխոսության կարևորությունը, այդ թվում` անվտանգության և միգրացիայի հարցերում:
«Ֆրանսիայի դիրքորոշումը շատ հստակ էր: Երբ Արևելյան Միջերկրական ծովում տեղի էին ունենում միակողմանի գործողություններ (Թուրքիայի կողմից՝ խմբ.), մենք դատապարտում էինք, իսկ հետո գործում՝ ուղարկելով ֆրեգատներ: Այնուհետև մենք հասանք այն բանի, որ դա դատապարտվեց 2020-ի սեպտեմբերին՝ Եվրոպական խորհրդի մակարդակով», - ասել է Մակրոնը France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունների մասին վավերագրական ֆիլմի շրջանակում:
«Եվ ինչպես ես ասել եմ մեկ տարի առաջ, ենթադրում եմ, որ ՆԱՏՕ-ն այդ հարցում այնքան էլ պարզ չէ... Մենք պետք է հստակեցնենք ՆԱՏՕ-ում Թուրքիայի տեղը: Սովորաբար դաշնակիցների հետ հարաբերություններում չեն անում այն, ինչ Թուրքիան արել է վերջին ամիսներին», - ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, Մակրոնը նշել է Թուրքիայի հետ երկխոսություն վարելու անհրաժեշտությունը: «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Թուրքիան երես չթեքի Եվրոպայից և գնա դեպի ավելի մեծ կրոնական ծայրահեղականությանն ընդառաջ կամ աշխարհաքաղաքական ընտրության, ինչը մեզ համար էլ ավելի վտանգավոր կամ բացասական կլինի», - ասել է նա: