24/03/2021 11:31
Սուպերմարկետներից սայլակներով ձու են գնում հետագայում բարձր գնով վաճառելու նպատակով. Շուկայում վերահսկողություն չկա
Ձվի շուկայում արհեստական դիֆիցիտ ստեղծել ցանկացողները շտապել, սխալ հաշվարկ են կատարել, ժամկետների մեջ սխալվել են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
«Իրենք մտածել են, թե այն ձուն, որ հանում են սպառման շուկայից, բարձր գնով նորից հետ են բերելու շուկա», - ասաց Ստեփանյանը։
Նշենք, որ խանութներում նախորդ երկու օրերին ձվի դեֆիցիտ և գնի կտրուկ բարձրացում էր նկատվել։
Թռչնաբույծների միության նախագահն ասաց, թե իրենք դա ևս նկատել են և շուկայի վերահսկողության պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրել։
«Սկսել են ցանցերից մեծ քանակությամբ ձու դուրս բերել, երեկ մենք դա դադարեցրել ենք։ Նկարահանումներ ունենք, թե ոնց են սայլակներով ձու գնում սուպերմարկետներից, ինչն ուղղակի անթույլատրելի է», - ասաց Ստեփանյանը։
Զատկի տոնին շուկայում ձվի պակաս չի լինի, խոստացավ Ստեփանյանը՝ նշելով, թե արտադրողներն իրենց ռեսուրսն ունեն, ամեն ինչ հաշվարկած է. «Զատկի օրերի համար մենք նաև ռեզերվ ունենք»։
Միության նախագահի խոսքով՝ ձվի բացթողնման գինն այս պահին 58-ից մինչև 63 դրամ է։
«Պատկան մարմինները թող ուսումնասիրեն ու այդ շղթայով քայլեն մինչև սպառող։ Մենք մեր ունեցած գործիքակազմով բոլոր միջոցները ձեռնարկում ենք, դիմել ենք նաև պատկան մարմիններին, առաջարկել ենք նաև հանձնաժողով ստեղծել։ Կամ էլ թող իրենք վերահսկեն այդ շուկան։ Վերջիվերջո, չի կարելի ամեն ինչ արտադրողի վրա գցել։ Մեզնից հասնում է արտադրել և ժողովրդին քանակ ապահովել, այն դեպքում, երբ նախորդ տարվա ընթացքում՝ մարտից մինչև նոյեմբեր, ոչ մի ճուտ և ինկուբացիոն ոչ մի ձու չենք կարողացել գնել», - ասաց Ստեփանյանը։
Նա ասաց, որ երեկ 6 հատ ձուն վաճառքում եղել է 500 դրամ, իսկ փչակով ձուն միանգամից վերցրել և տարել են։
«Հարց է առաջանում, թե այդ փչակով ձուն արկղով ոնց են հանում, տանում։ Բացի այդ էլ, արտադրողը գին չի բարձրանում, բայց որոշ մարդիկ օգտվում են դրանից։ Վերահսկելը դժվար չի։ Մենք մեր արտադրության քանակն ամեն օր ապահովում ենք։ Այս պահին 800-850 հազար հատ ձու ենք արտահանում շուկա, մեկ շաբաթ հետո արդեն կլինի 1 մլն-ից ավելի, քանի որ թռչնանոցներ են մտել ածի տակ», - ասաց թռչնաբույծների միության նախագահը։