25/03/2021 12:31
Արմեն Գրիգորյանը պնդում է՝ Օնիկ Գասպարյանը չի առաջարկել չորրորդ օրը դադարեցնել պատերազմը (Տեսանյութ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Սիվիլնեթին» տված հարցազրույցում հերքել էր Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, թե վերջինս պատերազմի չորրորդ օրն անվտանգության խորհրդում առաջարկել է դադարեցնել պատերազմը։
«Այդ նիստի ընթացքում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը», - ասել էր Արմեն Գրիգորյանը։
Այսօր լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ասաց, թե իր հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի և արձանագրությունների վրա։
«Անվտանգության խորհրդի այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է և այն, ինչ ես ասել եմ, փաստացի կա։ Պատմության տեսանկյունից, եթե հնարավորություն լինի դա հրապարակելու, ապա միանշանակ հաստատվելու են այն բոլոր մտքերը, որ ես այդ հարցազրույցում ասել եմ», - ընդգծեց ԱԽ քարտուղարը։
Դիտարկմանը, թե միտո՞ւմ կա սլաքները դեպի Զինված ուժեր ուղղելու, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Մենք որևէ նպատակ չունենք սլաքներն ուղղելու դեպի Զինված ուժեր։ Զինված ուժերը նույնիսկ պատերազմի մասին զեկույց պետք է պատրաստեր՝ հենց Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։ Եվ եթե մենք ուզում էինք սլաքներն ուղղել դեպի Զինցած ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք և սլաքները կուղղեինք։ Մենք որևիցե նման նպատակ չունենք, չենք ունեցել և չենք էլ ունենա»։
Նա ասաց, թե մեղավորներ պետք չէ փնտրել. դրա համար անհրաժեշտ է, որ Զինված ուժերը պատերազմի մասին զեկույց պատրաստի։
Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին ուղերձ էր հղել, որում նաև նշել էր հետևյալը.
«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։