25/03/2021 11:17
Տունը կորցրած արցախցիներին հյուրընկալած ընտանիքները ևս 3 ամիս պետությունից աջակցություն կստանան
Կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանէով Արցախի վերահսկողության տակ գտնվող համայնքներում հաշվառված հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամակավոր հյուրընկալության ծախսերի փոխհատուցման եռամսյա ծրագրում փոփոխություն կկատարվի ու այս ծրագիրը կսահմանվի վեցամսյա:
Նա ասաց, թե այն քաղաքացիները, ովքեր հյուրընկալել են արցախցիներին՝ մեկ չափահաս անձի հաշվարկով ստանում են 30 հազար դրամ ՀՀ-ում, իսկ Արցախում՝ 45 հազար դրամ:
Նախարարի խոսքով՝ ամսական կտրվածքով աջակցություն է ստանում 3000 հյուրընկալ, որոնք հյուրընկալում են 7000-ից ավելի չափահաս քաղաքացու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե խոսքը նրա մասին է, որ այն քաղաքացիները, ովքեր հնարավորություն կունենան հյուրընկալել արցախցիներին, կառավարությունն այդ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն է տրամադրում, որ գործընթացը պատշաճ տեղի ունենա:
Նախարար Առաքելյանը նշեց նաև, որ երեկ Արցախի մոտ 80 հազար քաղաքացի ստացել է 68 հազար դրամ աջակցությունը: