25/03/2021 18:15
Բրազիլիայում COVID-ից մահացությունների թիվը գերազանցել է 300 հազարը
Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեր COVID-19-ից ավելի քան 300 հազար մարդ է մահացել: Այս մասին հինգշաբթի՝ մարտի 25-ին, հայտարարել է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Չորեքշաբթի COVID-19- ից մահացությունների թիվը կազմել է 2,9 հազար մարդ: Այսպիսով, կորոնավիրուսի նոր տեսակի հետ կապված ամբողջ համավարակի ընթացքում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 300 685-ի:
Միայն անցած 75 օրվա ընթացքում Բրազիլիան արձանագրել է կորոնավիրուսից հաստատված 100 հազար մահ: Առողջապահության փորձագետները կարծում են, որ մեղավոր է վիրուսի դեմ պայքարում քաղաքական համակարգվածության բացակայությունը, ինչպես նաև բժշկական արձանագրությունների անտեսումը:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը ևս վարակվել էր կորոնավիրուսով, երկարատև ժամանակ COVID-19-ն անվանում էր սովորական գրիպ:
Ներկայումս Բրազիլիան աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը COVID-19-ով մահվան դեպքերի քանակով, առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ ավելի քան 545 հազար մահվան դեպքով:
Ընդհանուր առմամբ, աշխարհում վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19–ով վարակվածների թիվը հասել է 124 560 474-ի, ավելի քան 2,7 միլիոն վարակակիր է մահացել: