25/03/2021 15:55
Մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը
Վերլուծելով 2020 թվականին մեկնարկած սիգի արդյունագործական նպատակներով փորձարարական որսի ընթացքը, կարևորելով դրա նպատակը, շրջակա միջավայրի նախարարությունն այսօրվանից մեկնարկում է 2021 թվականին իրականացնել փորձարարական որսի 2-րդ փուլը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թվականի հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել է 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա , որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակներում 2021 թվականի օգտագործման համար սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ։
«Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝
ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ և ավելի ցանցավանդակի կառուցողական քայլ ունեցող դնովի ցանցերով,
ափից առնվազն 500 մ հեռավորությամբ՝ մանրաձկան որսը բացառելու համար, որսը իրականացվելու է մինչև սեպտեմբերի 1-ը,
դեկտեմբեր-հունվար ամիսներին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացն ապահովելու համար,
ձկնորսական լողամիջոցները լիճ մուտք և ելք են կատարելու դրանց համար հատուկ առանձնացված տեղամասերից,
որսը կազմակերպվելու է համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված ժամային գրաֆիկի,
մուտքի և ելքի տեղամասերում հսկողություն իրականացնող տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրը լիճ մուտք գործած լողամիջոցի, ձկնորսի տվյալները,
մուտքի և ելքի ժամը, ստուգելու է որսագործիքները, որսն ավարտելուց հետո գրանցելու է որսված ձկան քանակությունը։
Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները մինչև ս.թ. ապրիլի 8-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը կարող են ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր:
Նախարարությունից հայտնում են նաև, որ այդ կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը՝ դրանով կանխելով կապտականաչ ջրիմուռների ակտիվացումը։