26/03/2021 17:29
Օնիկ Գասպարյանի գործով դատավորի հարցով ԲԴԽ-ն դիմել է դատախազություն
Մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում, որի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անմիջապես կազմակերպվել է քննարկում:
Քննարկմանը հրավիրվել և լսվել է դատավոր Մհեր Պետրոսյանը, հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Կայացած քննարկումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի պատճենը՝ ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: