26/03/2021 13:36
Ռուսաստանը շատ ուշադիր հետևելու է Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ առանց միջամտելու երկրի ներքին հարցերին. դեսպան (Տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնությունը շատ ուշադիր հետևելու է Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Դա Հայաստանի ներքին հարցն է և մենք, բնականաբար, շատ ուշադիր հետևելու ենք նրան, ինչ կատարվելու է այս ոլորտում։ Հույս ունենք, որ այս գործընթացները կնպաստեն հասարակության կոնսոլիդացիային ու այն խնդիրների լուծմանը, որոնց առաջ կանգնած է հասարակությունը», - ասաց դեսպանը։
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հետ շփումներին՝ դեսպանն ասաց, թե դրանք իր մոտ չէին դադարել և չեն դադարում, ընդ որում՝ տարբեր ուղղվածության քաղաքական ուժերի հետ։
«Մենք սա չենք թաքցնում, սրա մասին կա տեղեկատվություն ԶԼՄ-ներում։ Իհարկե, ես չեմ տեսնում պատճառներ, թե ինչու պետք է հրաժարվեմ այդ պրակտիկայից։ Սա դեսպանի գործառույթներից մեկն է՝ կապի մեջ լինել հասարակության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Կրկնում եմ՝ առանց միջամտելու երկրի ներքին հարցերին», - ասաց դեսպանը։