26/03/2021 13:00
Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին խոսակցությունները բացասաբար են ազդել ներդրումների վրա. 4 միլիոն դոլարի ներդրումը կանգնել է. մարզպետ
Տավուշի սահմանում ամեն ինչ հանգիստ է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Մենք որևէ սահմանային փոփոխության քննարկում, որևէ տեղեկատվություն չունենք», - ասաց նա։
Ինչ վերաբերում է ռուս զինվորների այցելությանը մարզ, մարզպետն ասաց, թե դա մշտական բնույթ ունի ու կապված է ՊՆ-ի ֆունկցիաների հետ։
«Մնացած հարցերով խնդրում եմ դիմեք Պաշտպանության նախարարություն», - հորդորեց Չոբյանյանը։
Նա պնդեց՝ Տավուշի մարզից տարածքների հանձնում չի լինելու:
«Ես բացառում եմ Տավուշի մարզի շրջաններ հանձնելու գործընթացը, եթե Տավուշի մարզի սահմանին որևէ վտանգ լինի, առաջինը ես կկանգնեմ այդ սահմանին վտանգը չեզոքացնելու համար», - ասաց մարզպետը։
Հայկ Չոբանյանի խոսքով՝ սահմանների, տարածքների հանձնման հետ կապված հայտարությունները բացասական ազդեցություն են ունենում մարզում ներդրումային միջավայրի վրա։
«Այս պահին ունենք ներդրողներ, որոնք կասեցրել են իրենց գործունեությունը՝ այդ լուրերի տարածման հետ կապված։ Մենք ունենք շատ խոշոր ներդումյաին ծրագիր անասնապահության ոլորտում՝ 4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, այդ ծրագիրը հիմա դեռևս կանգնած է, արդեն գտնվում ենք, կարծես թե, խնդրի լուծման փուլում, բայց այդ խոսակցությունների ժամանակ այդ ծրագիրն ուղղակի կանգնեց ու ներդրողները ժամանակ ուզեցին, որ հասկանան՝ արդյոք հաստատում են իրենց մասնակցությունը», - հայտարարեց Տավուշի մարզպետը։
Նա ասաց, թե դիմել են դատարան, որ նման ապատեղեկատվություն տարածողները հասկական՝ պետք է լինի նաև պատասխանատվություն։
Հարցին՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին նկատի ունե՞ք, մարզպետը պատասխանեց. «Այո, խոսքը վերաբերում է Հրանտ Բագրատյանի կողմից կատարված հայտարարությանը, որից հետո եղել են տարբեր հրապարակումներ»։