26/03/2021 11:14
Տարեվերջին 2020-ի նկատմամբ կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ. Վահան Քերոբյան
Տարեվերջին 2020-ի նկատմամբ կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսության մեջ շատ մեծ ակտիվություն կա, բացի դրանից, արդյունաբերական ոլորտում էլ է մեծ ակտիվությունը։
Քերոբյանն ասաց, թե անցած տարին նահանջ տարի էր ու, նրա խոսքով, սովորաբար, երբ որ նահանջ տարի է լինում, ամեն օրը ներքին արդյունք է գեներացվում։
«Արդեն շատ մոտ ենք վերականգնվելու կետին», - նշեց նախարարը։
Քերոբյանն ասաց, որ անցած տարի տուրիզմի ոլորտում շռնդալից անկում ենք ունեցել։
«Անցած տարի մենք մարտ ամսին տուրիստ չունեինք, բայց այս տարի մարտ ամսին արդեն ունենք պարսիկներին, Նովրուզ է ու շատ մարդ կա», - ասաց նա։
Նախարարի խոսքով՝ մայիսից պլանավորում են մտնել նորմալ տեմպի մեջ. այս տարվա տուրիզմի աճը, նախորդ տարվա նկատմամբ, կանխատեսված է 319 տոկոսով։
Վահան Քերոբյանն ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անել, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ խստացումներ չլինեն երկրում։
«Խստացումները շատ վատ են տնտեսության համար, քանի որ ես տնտեսության համար եմ պատասխանատու՝ դեմ եմ լինելու խստացումներին, բայց եթե տեսնենք, որ առողջապական համակարգն այլևս չի կարող սպասարկել հիվանդությունը, ապա, իհարկե, պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը», - նշեց Քերոբյանը։
Նշենք, որ Քերոբյանը երեկ հայտարարել էր՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։