26/03/2021 11:19
Վիրավորանքի և զրպարտության համար տուգանք սահմանող Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրինագիծն աննախադեպ խայտառակ է. այն ուղարկել եմ ԵԽԽՎ և Վենետիկի հանձնաժողով. Զոհրաբյան
Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ» կատարելու նախագիծը, որով զրպարտության համար տուգանքը սահմանվեց մինչև 6 մլն դրամ, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 2 մլն դրամ փոխհատուցում, համարում եմ աննախադեպ խայտառակ օրինագիծ, ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
«Այս օրինագիծն ուղղված է Հայաստանում ազատ խոսքը լռեցնելու դեմ, և այս օրինագիծը բնավ ուղղված չէ վիրավորանքի և զրպարտանքի դեմ։ Եթե իշխանությունները ցանկանում են Հայաստանում վերացնել վիրավորանքը, զրպարտանքը, ատելության խոսքը, հայհոյանքը, ապա դա Նիկոլ Փաշինյանից պահանջելու է ընդամենը 2 րոպե ժամանակ. փակվում է իշխանական ֆեյք ինդուստրիան և դուք կտեսնեք, որ Հայաստանում շնչելը կլինի շատ ավելի ազատ, կվերանա ատելության խոսքը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով՝ օրինագիծն ուղղակի պրեսսինգ է քաղաքական գործիչների և քաղաքացիների վրա, և սրա վերաբերյալ իր դիտարկումներն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարին և բազմաթիվ այլ կազմակերպությունների։