26/03/2021 12:18
Արցախում ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ
Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, դեպքը տեղի է ունեցել մարտի 25-ի կեսօրին:
Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոմեքենաներից սկսել են քարերով հարվածել հայկական մեքենաներին:
«Այդ պահին ճանապարհով գնացող ավտոմեքենաներից մեկը կարողացել է խուսափել, իսկ դրա հետևի մեքենան՝ ոչ: Միջադեպից հետո տեղի բնակավայրի քաղաքացիներն անմիջապես փակել են ավտոշարասյան ճանապարհը, ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների հրամանատարները դուրս են եկել, ներողություն են խնդրել: Ռուս հրամանատարը վարորդի տվյալները վերցրել է և խոստացել փոխհատուցում», - ասել է Հունան Թադևոսյանը՝ նշելով, որ վարորդը վնասվածք չի ստացել, վնասվել է միայն ավտոմեքենան: