26/03/2021 12:03
Մակրոնը հայտարարել է «նոր տիպի համաշխարհային պատերազմի» մասին
Եվրոպան բախվում է «նոր տիպի համաշխարհային պատերազմի»՝ կապված պատվաստումների հետ: Այս մասին, ինչպես հայտնում է Le Figaro-ն, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ վիրտուալ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ասուլիսում:
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել, այդ թվում՝ «պատվաստանյութերի միջոցով ազդեցություն թողնելու Ռուսաստանի ու Չինաստանի ցանկության» պատճառով: Ֆրանսիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Եվրոպան պետք է անկախ լինի նման դեղամիջոցների արտադրության հարցում:
Մակրոնը խոստացել է, որ առաջիկա ամիսներին Եվրոպան կավելացնի կորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրությունը և կդառնա պատվաստանյութերի խոշորագույն արտադրողը: Միևնույն ժամանակ, նա առաջարկել է արգելափակել պատվաստանյութերի արտահանումը, եթե արտադրողը Եվրոպա մատակարարելու հարցում իր պարտավորությունները չի կատարում:
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Pfizer-ն ու Moderna-ն, ի տարբերություն AstraZeneca-ի, հավատարիմ են իրենց պարտավորություններին: