27/03/2021 14:21
Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է. 20-րդ անգամ կանցկացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը
Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է, ինչի կապակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ուղերձ է հղել։
«Հարգելի գործընկերներ, մեր շատ սիրելի հանդիսատես, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մեր պրոֆեսիոնալ տոնի` Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Կասկած չունեմ, որ մենք ուժ կգտնենք մեր մեջ հաղթահարելու ծանր ու դժվարին ժամանակները, որ կարողանանք լիարժեք վերադառնալ մեր անփոխարինելի գործին: Դրա վկայությունն են իրար հաջորդող պրեմիերաներն ու լեփ-լեցուն դահլիճները:
Թատրոնի մոգական ուժը, առավել քան երբեք, պարտավորեցնում է մեզ ստեղծագործել ու արարել, պարտավորեցնում է ամեն գնով բաց պահել վարագույրը, մշտապես վառել բեմի հեքիաթային լույսերը: Եվ այդպես էլ կլինի, քանզի մեր ականավոր վարպետների կողքին այսօր վստահորեն քայլում են իրենց արդեն հաստատած, օր օրի մեզ հաճելիորեն զարմացնող վառ երիտասարդներ: Վստահորեն կարող ենք ասել, որ մեր թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է:
Մեկ անգամ ևս շնորհավոր, ուժ ու կորով մեզ բոլորիս», - հայտարարել է նա։
«Թատրոնի համաշխարհային օր» տոնը սահմանվել է 1961 թվկանին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ (ստեղծվել է Պրահայում (Չեխոսլովակիա) 1948 թվականին)։
ԽՍՀՄ-ն թիմի անդամ է դարձել 1959 թվականին, երբ ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվայում համառուսաստանյան թատերական ընկերությունը ստեղծեց Թատրոնի միջազգային ինստիտուտի խորհրդային ազգային կենտրոնը։
Հայաստանում ամեն տարի այս օրը թատրոնի գործիչների միությունը կազմակերպում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գնահատվում են թատերարվեստի նախորդ տարվա ձեռքբերումները։ Այս տարի այն առաջին անգամ կանցկացվի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, նաև կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: