28/03/2021 16:10
Հայ-ռուսական համատեղ զորախումբը տարածաշրջանային սպառնալիքներին հակազդելու ամենակարևոր բաղադրիչն է. Փաշինյան (Տեսանյութ)
Անվտանգային սպառնալիքներին դիմակայելու ամենակարևոր բանաձևը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, որն արդեն գոյություն ունի Հայաստանում, Արմավիրի Արագած համայնքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ կարծիքով՝ մենք պետք է առաջիկա անելիքներում, բանակցություններում մտածենք հայ-ռուսական համատեղ զորախումբը, որպես տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղադրիչ, ավելի ուժեղացնելու ուղղությամբ», - ասել է նա։
Փաշինյանը նշել է՝ սա չի նշանակում, որ պետք է անընդհատ պատրաստվել նորանոր պատերազմների։
«Ընդհակառակը, սա մենք պետք է օգտագործենք տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխելու ու տարածաշրջանին օգնելու, որ իրենք էլ մեր նկատմամբ իրենց դիտանկյունը փոխեն», - ասել է Փաշինյանը։
Նա նաև հայտարարել է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման անհրաժեշտության մասին:
«Մեր երկաթուղիները դեպի Իրան և Ռուսաստան անցնում են Ադրբեջանով: Չի կարող այնպես լինել, որ մենք իրենց տարածքով ճանապարհ ստանանք, բայց իրենք մեր տարածքով ճանապարհ չստանան: Մենք պետք է որոշումներ կայացնենք, որ պետք է փոխադարձաբար օգտվենք ճանապարհներից», - ասել է Փաշինյանը: