29/03/2021 13:20
Պատերազմն ապացուցեց, որ Մինսկի խմբի համանախագահները ձախողել են. Արա Այվազյան
Պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
«Պատերազմն ի ցույց դրեց, որ դա նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր։ Իրենք ոչ միայն կոչված էին և կոչված են ստեղծել բարենպաստ մթնոլորտ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման ուղղությամբ, նրանք նաև կոչված էին և են բացառելու ռազմական լուծումը։ Սեպտեմբերի 27-ը ապացուցեց, որ իրենք ձախողվել են իրենց այդ մանդատի ուղղությամբ: Համաձայն չեմ, որ պատերազմը մեր արտաքին դիվանագիտության ձախողումն էր», - ասաց ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանը, բնականաբար, շահագրգռված է վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
«Բայց մեզ պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկայիս իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը», - նշեց նախարարը։